Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում, Կերալա,Հնդկաստան, 2009, 287 էջ:

 

“Bacterial Membranes. Ultrastructure, Bioelectrochemistry, Bioenergetics and Biophysics” (Editor Armen Trchounian), Research Signpost, Trivandrum, India, 2009, 287p.

 

Վերջերս Հնդկաստանում «Հետազոտական նշանասյուն» (Տրիվանդրում, Կերալա) հրատարակչությունում անգլերեն լույս ընծայվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի  թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԱՄՆ-ում և Եվրոպայում հրատարակվող մի շարք խոշոր առաջատար միջազգային հրատարակչությունների կողմից հրատարակվող ամսագրերի խմբագիր, խմբագրական խորհրդի անդամ  Արմեն Թռչունյանի խմբագրությամբ ՙՄանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա՚ ծավալուն աշխատությունը, որում տեղ են գտել  կենսաբանական թաղանթների ուսումնասիրությունների հիմնախնդիրներին վերաբերվող գիտական ակնարկները և սեփական հետազոտությունների արդյունքները: Գրքի հեղինակների թվում են մանէային ուսումնասիրությունների բնագավառի առաջատար գիտնականներ, ովքեր աշխատում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի տարբեր գիտահետազոտական հաստատություններում: Հեղինակներից է նաև պրոֆեսոր Ա.Թռչունյանի հետ համատեղ երկար տարիների հետազոտություններ վարած ԱՄՆ-ի  առաջատար գիտնականներից Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Պ.Նակոմոտոն (մոլեկուլային ֆիզիոլոգիայի և կենսաֆիզիկայի ամբիոն), Ա.Թռչունյանի աշակերտներից` Շվեդիայի Ումեյա համալսարանի մոլեկուլային կենսաբանության ամբիոնի աշխատակից Կ.Հակոբյանը և այլոք:  

 

Գրքում ներկայացված են մանրէների բջջապատի, ցիտոպլազմատիկ և  ներցիտոպլազմատիկ թաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների տարբեր յուրահատկություններն ու դրանց դերն ախտաբանական գործընթացներում, մանրէային թաղանթների ֆիզիկական հատկությունների, պրոտոնային հաղորդականության  դերը բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունում, ինչպես նաև մանրէների պրոկարիոտիկ կենսաֆիզիկայի, մոլեկուլային և բջջային կենսաբանությունում: Գրքում մեծ տեղ է հատկացված պրոֆ.Ա.Թռչունյանի բազմամյա գիտական գործնեության ոլորտի` մանրէների մոտ կալիի իոնների տրանսպորտի հարցերին, օքսիդա-վերականգնողական  պոտենցիալի դերը մանրէների նյութափոխանակության  կարգավորման գործընթացներում: Մեծ հետաքրքություն են ներկայացնում նրա առաջադրված սկզբունքներն ու հիպոթեզները, որոնք հավանության են արժանացել աշխարհի տարբեր լաբորատորիաներում: Դրա ապացույցն է նրա վերջերս  առաջարկված օքսիդա-վերականգնողական  պոտենցիալների օգնությամբ մանրէների նյութափոխանակության կարգավորման տեսությունը, որը ներկայացնում է առանձնահատուկ հետաքրքրություն կիրառական մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառների համար: Աշխատության երկու գլուխները նվիրված  են տարբեր մանրէների խառը խմորման ժամանակ ջրածնի արտադրման գործընթացին և դրա էներգետիկային: Պրոֆ.Ա.Թռչունյանը  նշված աշխատանքների հիման վրա  ԱՄՆ-ում ստացել է  միջազգային գյուտերի արտոնագրեր: 

 

Կապված մանրէների կարևոր դերի հետ ինչպես շրջակա միջավայրի կենսաոլորտում,  այնպես էլ կենսատեխնոլոգիայում, բժշկության և անասնապահության մեջ մանրէային թաղանթների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկությունները մեծ չափով պայմանավորվում են  միկրոօրգանիզմների աճով և կենսագործնությամբ: Մանրէների  ուլտրակառուցվածքի, էլեկտրաքիմիական, կենսաէներգետիկ և կենսաֆիզիկական յուրահատկությունների  հանգամանալից ուսումնասիրությունները  հնարավորություն են ընձեռում գտնել նոր ուղիներ մանրէների ֆունկցիաների կարգավորման և կենսատեխնոլոգիական գործընթացների ուղղորդման համար: Գիրքն արժեքավոր է նաև այն հանգամանքով, որը յուրաքանչյուր բաժին ամփոփվում է  ընդհանրացումով և նշվում դեռևս  չուսումնասիրված հարցերի շարունակական ուղիները: 

 

Անկասկած «Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» գիրքը կհետաքրքրի միկրոօրգանիզմների ուլտրակառուցվածքային բջջաբանության, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաէներգետիկայի բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական աշխատողներին, ինչպես նաև այն օգտակար է կլինի ուսանողների, ասպիրանտների,  ԲՈՒՀ-երում մանրէաբանություն և բժշկակենսաբանական այլ գիտություններ դասավանդողների  համար:

 

Գրքում ամփոփված հայտնի մեխանիզմների և մոդելների հետ  քննարկվում են նաև բոլորովին նոր տեղեկություններ ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև գունավոր նկարներ և սխեմաներ հարուստ  և ընդարձակ մատենագիտական ցուցակ: 

 

Այս աշխատությունն անկասկած կբարձրացնի Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունների հեղինակությունը, իսկ հեղինակներին կբերի միջազգային արժանի ճանաչում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3 (541) 29.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ